31 մայիսի 2018 - 15:49 AMT
ՀՀ-ն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:

ՀՀ-ն ընտրվել է մայիսի 30-31-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում:

Կոմիտեն «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին է, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանը վերոնշյալ Կոմիտեի անդամ է 2017-ից` 4 տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։

Կոմիտեն ստեղծվել է 1978թ.` Կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: Համաձայն վերջինիս 2-րդ հոդվածի` Կոմիտեն ունի 22 անդամ: Կոմիտեի անդամն ունի անմիջապես վերընտրվելու հնարավորություն:Կոմիտեի կարևոր գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ և երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով: