31 մայիսի 2018 - 17:06 AMT
Մասիս-Երևան ճանապարհը փակել են. Աջակցում են Մասիսի քաղաքապետին

Ի պաշտպանություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք փակել են Մասիս-Երևան ճանապարհը, հայտնում է Aysor.am-ը:

«Քաղաքապետի ձերբակալությունն իրավաչափ չէ, քանի որ նա չի խուսափել քննչական գործողություններին մասնակցելուց, չի թաքնվել և ամեն օր շարունակել է աշխատել քաղաքապետարանում», - նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը ձերբակալվել են՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ էր ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։