31 մայիսի 2018 - 17:31 AMT
Նախարար. Բնապահպանության ոլորտում միլիարդավոր դրամների չարաշահումների կասկածներ կան

Բնապահպանության ոլորտում միլիարդավոր դրամների չարաշահումների կասկածներ կան: Այդ մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:

Ըստ նրա, պատճառը հանքերը շահագործողներն են, հանքերում այս տարիների ընթացքում երբևէ ստուգումներ չեն իրականացվել և հիմա չարաշահումների մասին լուրջ կասկածներ կան, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նախարարի խոսքերով՝ գործարկման սկզբից ստացած թույլտվություններում աղտոտման համար նշվել է համեմատաբար փոքր ծավալների տարածք, սակայն, այժմ շահագործվում է համեմատաբար ավելի մեծ տարածք, նշանակում է՝ չսահմանված աղտոտումներ են արվում, իսկ ընդհանուր չարաշահումները միլիարդավոր դրամների են հասնում:

Նախարարը նաև հավաստիացրել է՝ որևէ տարբերակում չի դրվելու և անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ միևնույն է, ստուգումներ են իրականացվելու, հայտնում է Panorama.am-ը։

«Ի՞նչ կապ ունի՝ ումն է, անուններ թվեք: Կա օրենք: Այսօրվա դրությամբ նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացը դադարեցվել է: Շրջական միջավայրի փորձաքննության էին գործընթացի էին դիմել, քանի որ կային խնդիրեներ, մենք դադարեցրել ենք»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստուգել հանքերի կողմից հարկերի վճարումը։ 2017-ին Հայաստանի լեռնահանքային ձեռնարկությունները պետբյուջե են վճարել մոտ 60 մլրդ դրամ կամ բյուջեի ամբողջ եկամուտների 5 տոկոսը, ինչը նման քանակությամբ հանքերի համար փոքր թիվ է կազմում: