Հանրապետական կուսակցությունը պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին: Այդ մասին ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո:
«Սակայն համարում ենք, որ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև։ Խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ` մասնակցել այդ քննարկումներին, չենք ստացել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Հարությունյանն ընդգծել է՝ ՀՀԿ-ն ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ ընտրություններում պետք է ներդրվի մատնահետքերի մեկ միասնական առնցանց միմյանց հետ փոխկապակցված բազա:
Իսկ այսպես կոչված բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը՝ ռեյտինգայինը, ՀՀԿ-ն օգտակար է համարում:
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի այս հայտարարությունը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանել է. «Երբ խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր ուժերին, համագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլորը: Ինչո՞վ է պայմանավորված այս մեսիջը. այն թյուրընկալմամբ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրությունները»:
Դավիթ Հարությունյանի խոսքով` արտահերթ ընտրությունները պետք է լինեն քննարկումների արդյունքում:
«Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Մենք հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան», - ասել է նա:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել է, որ ՀՀԿ-ն 5 ուղղություն ունի, որոնցում հետքայլ չի անելու` Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային ճանաչում, ԵՏՄ, բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ:
Կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա հունիսի 7-ին: