1 հունիսի 2018 - 11:44 AMT
Տոնոյան. Նախիջևանի ադրբեջանական տարածքում տեղափոխումներ են, ՀՀ միջամտության կարիք չկա

Պաշտպանության նախարարությունը Նախիջևանում, ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

«Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում որոշակի տեղափոխումներ է իրականացնում, դա Նախիջևանում ադրբեջանական տարածքներն են, Հայաստանի կողմից միջամտության կարիք չկա, ՀՀ ՊՆ-ն ոչ մի խնդիր չի տեսնում»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով Նախիջևանի սահման իր այցին՝ Տոնոյանն ասել է, որ ուղղակի պետք է ծանոթանար իրավիճակին ու տեղանքին: «Այս պահին մտահոգիչ խնդիրնեն չկան: Թե Արցախի ՊԲ կողմից, թե Հայաստանում իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է»,-ասել է ՊՆ ղեկավարը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել էր, որ ՀՀ սահմանի նախիջևանյան հատվածում մարտական հերթապահությունը և կատարվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, իսկ համացանցում նշված հատվածներում կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նա հավելել էր, որ ՀՀ Զինված ուժերը մշտական մարտական հերթապահություն է իրականացնում և աշխատանք է կատարում ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով: