Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել է հեռանալ պաշտոնից Թբիլիսիում ցուցարարների պահանջով: Հունիսի 1-ին նրա հայտարարությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Երբ վստահ լինեմ, որ իմ հրաժարականն օգուտ կտա երկրին և գոնե մի փոքր կբարելավի և կլիցքաթափի իրավիճակը, չեմ կասկածի ոչ մի վայրկյան: Այսօր այդպիսի իրավիճակ և նման պահ չէ»,-ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն:
Մայիսի 31-ի երեկոյան Թբիլիսիում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ 2017-ի դեկտեմբերին երկու դպրոցականների սպանության գործով դատավճռի:
Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին:
Հունիսի լույս 1-ի գիշերը ցուցարարները ստիպված են եղել ընդհատել ակցիան հորդառատ անձրևի պատճառով, սակայն, մտադիր են շարունակել 16:00-ին: Նշվում է, որ ակցիային կարող են միանալ շրջանների բնակիչները:
Դատավճիռը վրդովեցրել էր դատախազին, մեղադրող կողմը հայտարարել է վերաքննիչ դատարան դիմելու մտադրության մասին: Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել:Ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը:
Սպանվածներից մեկի հայրը հայտարարել է, որ վարչապետը եկել էր ոչ թե իրեն ցավակցելու, այլ «մեկ անգամ էլ խաբելու»: Ավելի ուշ հատուկ ճեպազրույցում Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ նոր հետաքննությունը թափանցիկ կլինի և նա իր անձնական հսկողության տակ է առնելու այն: