1 հունիսի 2018 - 17:49 AMT
Սուպերմարկետները՝ վարչապետին. ԱԱՀ-ի գանձումն անթույլատրելի է

Ցանցային առևտրի 11 խոշոր կազմակերպություն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյուղմթերքի շրջանառությունը ԱՁ-ների միջոցով իրականացնելու՝ նախկինում ՊԵԿ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության չեղարկման հարցը«հնարավորինս սեղմ ժամկետներում» քննարկելու խնդրանքով:

Խոշոր տնտեսվարողները նշում են՝ գյուղմթերքի գների կայունությունը «հայտնվել է մեծ ռիսկի տակ», քանի որ ՊԵԿ-ի թույլտվությամբ շրջանառությունն իրականացվել է ԱՁ-ների միջոցով, ինչի արդյունքում սահմանվել է 5% շրջանառության հարկ, 20% ԱԱՀ-ի փոխարեն:

«Սա անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու է սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի թանկացման, այլ երկրներից ներմուծվող գյուղմթերքի էական աճի՝ ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, ինչպես նաև աշխատատեղեր ապահովման խնդիր է առաջանում», - նշում են տնտեսվարողները:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար:

Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն: