1 հունիսի 2018 - 22:40 AMT
Փաշինյանը կոչ է արել բոյկոտել մթերքի գները բարձրացրած «թալանչիներին և կոռուպցիոներներին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր հանրապետության մի շարք խանութներում տեղի ունեցած թանկացումներին։

«Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,-գրել է Փաշինյանը:

Հունիսի 1-ից հանրապետության խանութներում թանկացել է միսն ու պտուղ-բանջարեղենը, գյուղատնտեսական որոշ այլ ապրանքներ․ թանկացումը կազմում է մինչև 20%։ Թանկացումները բացատվրում են ԱԱՀ վճարելու անհրաժեշտությամբ և հետևել են «Երևան Սիթի» ցանցում ԱԱԾ-ի կողմից հարկերի նվազեցման սխեմայի բացահայտմանը, ցանցում ԱԱՀ ու շահութահարկ վճարելու փոխարեն ԱՁ-ներ էին գրանցվում՝ շրջանառության հարկ վճարելու համար, նույն սխեմայից էին օգտվում բազմաթիվ այլ ցանցեր։

Նույն օրը 11 առևտրի ցանց և սուպերմարկետ նամակ են գրել Փաշինյանին, որտեղ, մասնավորապես, անթույլատրելի են համարում ԱԱՀ-ով գյուղմթերքի հարկումը առևտրի ցանցերում ու հանդիպում խնդրում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Իր հերթին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անուղղակիորեն արդարացրել է թանկացումները, հայտարարելով, որ հանրությունը պիտի գիտակցի՝ ապրանքն էժան էր տնտեսվարողների կողմից հարկերից խուսափելու հաշվին։