
Հունիսի 2-ի առավոտից Արցախում բողոքի ցույցեր են ընթանում՝ պայմանավորված հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպով, երբ ԱԱԾ աշխատակիցները Ստեփանակերտում ծեծի են ենթարկել 2 քաղաքացու:
Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ցուցարարները պահանջում են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների հրաժարականները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել տեղի ակտիվիստ Տիգրան Գրիգորյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը որոշում է կայացրել Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քննարկման ընթացակարգ սկսելու մասին: «Ներկայացված տեղեկությունների հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ինչպես նաև այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև հետևում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին:
Նշվում է, որ հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որևէ միջամտություն ժամը 14:30-ի դրությամբ արձանագրված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը հետևելու է իրավիճակին և իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: