2 հունիսի 2018 - 18:18 AMT
Արման Սահակյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը․ Այն կորցրեց 3-րդ պատգամավորին

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արման Սահակյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին։

«Դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից հեռացել էին պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը։ Մինչև «Թավշյա» հեղափոխությունը կուսակցությունը 58 մանդատ ուներ 105-տեղանոց խորհրդարանում, մեծամասնություն պահպանելու համար անհրաժեշտ է ունենալ 53 քվե։ Հանրապետական խմբակցությունում մնում է 55 պատգամավոր, ևս մեկը Ֆելիքս Ցոլակյանը, նախկինում շեղվել էր խմբակցության որոշումից՝ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը մայիսի 1-ի ընտրություններում։