4 հունիսի 2018 - 11:46 AMT
Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին

Հունիսի 3-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և իր մտահոգությունը հայտնել Ստեփանակերտում հունիսի 1-ի միջադեպին հաջորդած բողոքի ցույցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը։

Սահակյանը ներկայացրել է տիրող իրավիճակն ու ցույբերի դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն զորակցություն է հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ նշելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում:

«Կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով Արցախի անվտանգությանը հնարավոր վնաս հասցնող մթնոլորտի ստեղծումից», - նշված է կաթողիկոսարանի հաղորդագրության մեջ:

Ընթերցեք նաև՝ «Ինչ է կատարվել հունիսի 3-ին Արցախում. Քրոնիկա»:

Ավելի վաղ, Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հունիսի 2-ից բողոքի ցույցեր են սկսվել Ստեփանակերտում:Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահա Բակո Սահակյանիհրաժարականները: