4 հունիսի 2018 - 13:07 AMT
Արցախի ԱԺ-ն արտահերթում կքննարկի հունիսի 1-ի միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 4-ին՝ ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

ԱԺ արտահերթ նիստում 2018-ի հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ են նախատեսվում, հայտնում է ԱԺ լրավական ծառայությունը:

Օրակարգում է նաև Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը։

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ:

Ընթերցեք նաև.Տեր-Պետրոսյան. Այն, ինչ եղավ ՀՀ-ում, անթույլատրելի է Ղարաբաղում