5 հունիսի 2018 - 10:11 AMT
Ստեփանակերտում բողոքի գործողությունները դադարեցվում են

Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում է բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է արցախցիների այդ որոշմանը: «Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպարտ քաղաքացիներ»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել Ստեփանակերտում ուժայինների ու քաղաքացիականների մասնակցությամբ ծեծկռտուքի հետքերով բողոքի ակցիաներ կազմակերպող ցուցարարներին դադարեցնել ակցիաներն ու թույլ տալ Արցախի իշխանությանն ի կատար ածել եղած պայմանավորվածությունները:

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հունիսի 2-ից բողոքի ցույցեր են սկսվել Ստեփանակերտում:Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: