5 հունիսի 2018 - 10:57 AMT
Բաբլոյան. ՀՀ ԱԺ-ն աջակցում է ՀԱՊԿ ԽՎ դերի ամրապնդման քայլերին

Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լիովին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական Միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ երկրների և ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ, իր համոզմամբ, երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և վստահության մթնոլորտում, խորհրդարանները կշարունակեն կառուցողական աշխատանքը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստի անցկացումը Երևանում՝ 2018-ի հոկտեմբերի 29- 30-ին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց կա:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի: Վյաչեսլավ Վոլոդինը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանները շահավետ համագործակցում են փոխվստահության մթնոլորտում: Նա կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով կոնկրետ գործնական քայլերի հետագա աշխուժացումը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: