5 հունիսի 2018 - 16:12 AMT
Նախարար. Արարատյան բակալավրիատի աուդիտում որոշ խնդրահարույց կետեր կան

Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ իրականացրած խումբը որոշ խնդրահարույց կետեր է հայտնաբերել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ասել է, որ դրանք ուսումնասիրելուց հետո առաջիկայում հայտարարություն կարվի:

Ըստ նախարարի, Սերժ Սարգսյանի կրթության գծով նախկին խորհրդական Տեր-Մեսրոպ Արամյանը շատ է հնչեցնում «Այբ» դպրոցի անունը, մինչդեռ այն խնդիրները, որոնց մասին ես խոսվբել է, կապված են եղել Տեր-Մեսրոպ քահանայի քաղաքական գործունեության հետ և Արարատյան բակալավրիատին հատկացված մեծ գումարների հետ:

Ավելի վաղ, Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:

«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։