Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունիսի 4-5-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է առաջնագծի մի շարք ուղղություններ, մասնակցել բանակի հրամանատարության ներգրավմամբ անցկացված դաշտային երթի պլանով նախատեսված միջոցառումներին:
Իրականացված աշխատանքների ընթացքում ճշգրտվել են փոխգործակցության ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, քննարկվել հավանական հակառակորդի հնարավոր գործողություններն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
Արտակ Դավթյանը բարձր է գնահատել ՊԲ-ի մարտական պատրաստականության արդի մակարդակն ու ռազմատեխնիկական հնարավորությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերը և հավաստիացրել, որ ՀՀ պաշտպանական ոլորտի պատասխանատուները այսուհետ ևս գործուն աջակցություն կցուցաբերեն ՊԲ-ի մարտական ներուժի հետագա կատարելագործման հարցերում:
Շրջայցի ավարտին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի պատասխանատուները հստակեցրել են երկկողմ համագործակցության համատեքստում նախատեսված առաջիկա անելիքները, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել մայիսի 24-ին։ Դավթյանը զբաղեցրել է, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։ Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել է Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ջոկատում, այնուհետև՝ Մեղրիում, Կապանում, մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։