«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: 2018-ին՝ նախորդ տարվա համեմատ, հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում-հայտ:
Հիմնադրամի խորհրդի որոշմամբ, 2018-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5 կազմակերպության կողմից ներկայացված ծրագրերին՝
1. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ,
2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,
3. ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,
4. Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ,
5. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։
Հրազդանի համար 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի, խորացված դասընթաց կիրականացվի 1200 աշակերտի համար: Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի ևս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը2015-ին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: