6 հունիսի 2018 - 10:14 AMT
Շարմազանով. Կառավարության ծրագրին չենք խոչընդոտի, բայց ՀՀԿ հիմնական թիմը դեմ է քվեարկելու

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ կուսակցությունը քննարկել է կառավարության ծրագիրը:

«ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի», -նիստից հետո լրագրողներին է ասել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Բովանդակության մասով Շարմազանովը նշել է՝ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր, հայտնում է Aysor.am-ը:

«Ծրագրում չկան թվեր, չկա՝ ինչպես և ոնց պետք է լուծվեն խնդիրները», - ասել է նա՝ հիշեցնելով, որ իրենց կառավարությունը տվել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, իսկ թվերը շատ կարևոր են հասարակության համար:

Նա նշել է, որ գրված է, թե գյուղատնտեսությունում հեղափոխական զարգացում է լինելու, սակայն չի ասվում, թե ինչպես են դրան հասնելու:

«Սա երազանքների ծրագիր է, բայց ոչ երբեք արհեստավարժ ներկայացված ծրագիր, և այդ իմաստով հնարավորություն կտանք չխոչընդոտելու, բայց մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ», - հայտարարել է նա:

Կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա հունիսի 7-ին: