ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ներկայացրել «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այն մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնջորյանը:
Երաշխավորագրում մասնավորապես ասվում է, որ Սաֆարյանը, գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
2015-ի դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
«Տոնածառի գործով» ամբաստանյալ Սաֆարյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: