6 հունիսի 2018 - 10:32 AMT
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը հունիսի 6-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունիսի 2-ից բողոքի ցույցեր էին սկսվել Ստեփանակերտում:Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:Հունիսի 5-ին Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում է բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը:

Ստեփանակերտում բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «Այդ բողոքների հիմքում դրված են Արցախի որոշ պաշտոնյանների թերի գործունեությունը: Մենք ընդունում ենք, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և ուզում եմ վստահեցնել ձեզ, որ կա նախագահի հանձնարարականը կառավարության անդամներին և բոլոր մնացած պաշտոնյաներին՝ հաշվի առնել բոլոր արդարացի բողոքներն ու պահանջները և օպերատիվ արձագանքել: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կոչ անել պահել հանդարտություն և որ ոչ մեկ չմտածի, թե մեր երկրում հնարավոր է բաժանել պետականամետների և հակապետականամետների»: