6 հունիսի 2018 - 10:51 AMT
Արցախի ՄԻՊ. Սեղմ ժամկետում պետք է ընդունել հավաքների ազատությունը կանոնակարգող օրենսդրությունը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին: Այդ մասին ասվում է Արցախի ՄԻՊ հայտարարության մեջ։

Որպես ԱՀ պետական իրավասու մարմիններին ուղղված օրենսդրական առաջարկ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սեղմ ժամկետում ընդունել արդեն իսկ մշակված՝ հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը։ Դա խաղաղ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների համար կստեղծի իրենց սահմանադրական իրավունքի իրականացման ավելի կանխատեսելի պայմաններ:

Նշվում է, որ աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ հետևելու համար։

«Արձանագրում ենք, որ ԱՀ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման փաստեր չեն գրանցվել։ Կարևորում ենք նաև այն, որ ԱՀ ոստիկանությունը հունիսի 2-4-ը տեղի ունեցած հավաքների ընթացքում ապահովել է Ազատամարտիկների փողոցի՝ հավաքի վայրի հատվածում երթևեկության վերակազմակերպումը, ինչպես նաև հատուկ լիազորել է ԱՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկին՝ որպես հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցության պատասխանատու։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում, որ նման իրավիճակներում ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ գործադրի՝ ապահովելու հակադարձ հավաքների մասնակիցների անվտանգությունն այն պայմաններում, երբ հավաքներից մեկի մասնակիցների խումբը հայտնվում է հակադիր պահանջներով մյուս հավաքի վայրում։ Մասնավորապես, հունիսի 3-ին Ավտոկայանի հավաքի մասնակիցների մի խումբ երթով հասել էր Վերածննդի հրապարակ, որտեղ նույն ժամանակ ընթանում էր հակադիր պահանջներով հավաքը։

Հավաքների վայրերում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի քաղաքացիներ՝ իրավական բնույթի խնդիրներով։ Մի քանի դեպքով տրվել են իրավունքի վերաբերյալ պարզաբանումներ, իսկ մյուս դեպքերով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պաշտպանին գրավոր դիմումներ հասցեագրելու վերաբերյալ»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Հունիսի 2-ից բողոքի ցույցեր էին սկսվել Ստեփանակերտում:Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:Հունիսի 5-ին Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում է բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը:

Հավաքների համար առիթ է հանդիսացել հունիսի 1-ի միջադեպը, երբ Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: