15 ապրիլի 2008 - 16:48 AMT
ՎՈՒԱՄ-ը մտադիր է ՄԱԿ-ում քննարկման ներկայացնել սառեցված հակամարտությունների մասին բանաձեւը
«ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) պետությունները ծրագրում են ՄԱԿ-ում քննարկման ներկայացնել բանաձեւ իրենց տարածքներում հակամարտությունների մասին»,- երեքշաբթի Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Բանաձեւի նախագիծը, նշել է նա, դեռեւս գտնվում է ՄԱԿ-ի օրակարգում: «Նախագիծը մնում է ներկայացնել քննարկման, ապա` քվեարկության: Այդ ամենը տեղի կունենա որոշակի փուլում»,- ընդգծել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Ա. Ազիմովի խոսքերով, «Ադրբեջանն առաջին քայլը կատարել է այդ ուղղությամբ` հասնելով «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւի ընդունմանը, եւ դա դարձավ բավարար հիմք ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների մասին բանաձեւ ներկայացնելու համար»: «Դա եւս կամրապնդի մեր գործընկերների քաղաքական կամքը»,- ընդգծել է փոխնախարարը:

Մեկնաբանելով Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վաղվա հանդիպումը Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի հետ` Ա. Ազիմովը նշեց, որ հանդիպումը աշխատանքային բնույթ է կրում:
Նրա խոսքերով, Ադրբեջանն «սպասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատասխանին մի շարք հարցերի, որոնք դրվել են նրանց առջեւ Բուխարեստում անցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում»:

«Նրանք պետք է ինչ-որ նոր քայլեր ձեռնարկեն: ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովի շրջանակներում նրանցից պահանջել են մի շարք հարցերի պարզաբանում: Եւ մենք սպասելու ենք պատասխանի»,- ասել է Ա. Ազիմովը, հաղորդում է Day.az-ը: