6 հունիսի 2018 - 11:24 AMT
Կարլսենը մեղադրել է Մամեդյարովին Կարյակինի հետ պայմանավորված խաղի մեջ

Նորվեգացի շախմատիստ, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի զարմանա, եթե պարզվի, որ Շահրիյար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը պայմանավորվել են ոչ ոքի խաղալ: Նա ենթադրել է, որ Norway Chess Classic միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիան ռուսաստանցի Կարյակինի և ադրբեջանցի Մամեդյարովի հետ կարող էր պայմանավորված բնույթ կրել: Այդ մասին աշխարհի չեմպիոնն ասել է նորվեգական TV2 հեռուստաալիքի եթերում:

«Ես չունեմ ապացույցներ, սակայն, հաստատ գիտեմ, որ նրանք նախկինում էլ են այդպես վարվել: Հնարավոր է, պետք է ավելի ուշադիր հետևել ընկերների միջև ընթացող պարտիաներին: Բարեբախտաբար, աշխարհի չեմպիոնի կոչման համար պարտիաներում նման բան չի լինում, սակայն, ամեն դեպքում պետք է պայքարել այդպիսի խաղերի դեմ»,-ասել է աշխարհի չեմպիոնը, հայտնում է Championat.com-ը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: 7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավոր ունի: 8-րդ տուրում նա կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: