6 հունիսի 2018 - 12:32 AMT
Բրիտանացի գործարարները ՀՀ-ում են՝ քննարկելու երկկողմ գործակցության հնարավորությունը

Հունիսի 6-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել բրիտանական բիզնես պատվիրակություն՝ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ, նպատակ ունենալով ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ոլորտներում երկկողմ առևտրի և ներդրումների համագործակցության հնարավորությունները։

Երկօրյա ինտենսիվ ծրագիրը ներառում է հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՄԹ-Հայաստան գործարար համաժողով և անհատական հանդիպումներ բրիտանացի և հայ ձեռնարկատերերի միջև։

Բիզնես պատվիրակության այցից առաջ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարն ասել է․ «Անչափ ուրախ եմ, որ ղեկավարում եմ բիզնես պատվիրակության այս այցը Հայաստան։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնես ոլորտի առաջատար բազմապիսի ընկերությունների հետ գործարար հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով երկու կողմերի փորձառությունը՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի մասնագետներին համախմբելը իրապես խոստումնալից նախաձեռնություն է: Ես անհամբեր սպասում եմ մասնակցելու միջոցառմանը», հայտնում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը։

2017թ․ սեպտեմբերին ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմից Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար նշանակվելուց ի վեր Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան: Իր նախորդ այցերի ընթացքում նա Հայաստանի պետական պաշտոնյաների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների զարգացման հնարավորությունը։