6 հունիսի 2018 - 16:24 AMT
Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը:

Ավելի վաղ, «Սասնա Ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։

«Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը»,-ասվում է «Սասնա Ծռերի» հայտարարության մեջ։