6 հունիսի 2018 - 17:48 AMT
ԱՊՀ-ում ռազմական արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիր են ստորագրել

Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլ քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին:

Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգի շուրջ 24 հարց, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-համատեղհամակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության, համատեղ (միացյալ) կապի համակարգի Համաձայնագրի նախագծի համակարգի շահագործման և հետագա կատարելագործման համաձայնագրերին առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստի արդյունքներով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները ստորագրվել են:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու և ԱՊՀ ՊՆ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ: