15 ապրիլի 2008 - 19:00 AMT
Մայիսին Հայաստան է այցելելու «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը
«Գազպրոմ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը կայցելի Հայաստան ընթացիկ տարվա մայիսին, հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Միլլերի հետ բանակցությունների ընթացքում մենք կճշտենք համագործակցության հեռանկարները առաջիկա երեք տարիների համար»,- ասել է Սարգսյանը երեքշաբթի լրագրողների հետ կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին ճեպազրույցի ժամանակ:

Տիգրան Սարգսյանը նաեւ հաղորդել է, որ երկրի կառավարությունը այսուհետ տեղեկացնելու է քաղաքացիներին իր գործողությունների մասին: «Մենք մեր քաղաքացիներից թաքցնելու ոչինչ չունենք, եւ մենք միշտ տեղյակ ենք պահելու հանրությանը մեր հետագա քայլերի մասին»,- ասել է նա: Սարգսյանը նշել է, որ երկրի քաղաքացիները իրենք պետք է որոշեն` արդյոք նման քաղաքականությունը պոպուլիստական է: «Ես վստահ եմ, որ մենք արդար ժողովուրդ ենք, եւ արդար, եւ բաց մոտեցումներն ավելի ընդունելի են, քան կեղծ պոպուլիզմը»,- ասել է կառավարության ղեկավարը, հավելելով, որ նրա վարկանիշին ավելի կվնասի այն, եթե նա «բաց ու անկեղծ» չլինի, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: