7 հունիսի 2018 - 17:41 AMT
Միհրան Պողոսյանի օգնականն գրավով ազատ է արձակվել

Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը կալանավորումից ազատ է արձակվել:

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։

2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված՝ 1988թ.։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։