Հունիսի 10-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից այգում «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը: Նախաձեռնողները Երևանի քաղաքապետարանն ու «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն են: Փառատոնը կայանալու է ժամը 17:00-21:00-ը: Այս մասին հայտնում է Երևանի 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը:
Միջոցառմանը մասնակցելու է 26 տաղավար, որոնցից 13-ը կներկայացնեն ազգային տոներին հատուկ ավելի քան 70 կերակրատեսակ, փոխանցում է Yerevan2800.am-ը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի խոսքով, միջոցառումը միտված է զբոսաշրջության զարգացմանն ու ազգային խոհարարական ավանդույթների հանրայնացմանը:
«Միջոցառումն ընդգրկված է շզբոսաշրջային գործակալությունների փաթեթներում: Փառատոնի մասին տեղեկատվական թռուցիկներ են բաժանվել հյուրանոցներին, ուստի անհատ զոբասշրջիկները նույնպես տեղեկացված լինելու և մասնակցելու հնարավորություն ունեն: Վստահ եմ՝ այս տարի փառատոնը բազմամարդ է լինելու», - ասել է նա:
Փառատոնն ուղեկցվելու է համերգով՝ ելույթ են ունենալու ազգագրական համույթներ:
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի խոսքով, միջոցառման հիմքում ընկած է 2009-ից անցկացվող հայկական տոնածիսական կերակրատեսակների փառատոնը: Ըստ Մամուլյանի, փառատոնի ընթացքում թե տեղացիները, և թե օտարները հնարավորություն կունենան տեսնելու հայկական ավանդական խոհանոցի ամբողջ հմայքը:
«Խոհանոցը զբոսաշրջության կարևորագույն բաղադրիչներից է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, խոհանոցային փառատոնների անցկացման արդյունքում Հայաստանում արձագանագրել ենք 10-15% զբոսաշրջության աճ. մեր ազգային խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է ինչպես մեր հասարակության ներսում, այնպես էլ աշխարհում: Այս փառատոնի այցելուների թիվը նույնպես գնալով մեծանում է», - ասել է Մամուլյանը:
Հունիսի 1-ին մայրաքաղաքում մեկնարկած «Երևանյան ամառ 2018»-ը կավարտվի օգոսոտոսի 31-ին: Ծրագիրը բաղկացած է մարզական, մշակութային, ժամանցային, զբոսաշրջային բազմաբնույթ միջոցառումներից, փառատոններից, մրցաշարերից: Այս տարի այն նվիրված է Երևանի 2800-ամյակին: