8 հունիսի 2018 - 15:28 AMT
ՀՀ-ում առաջին անգամ էլեկտրամոբիլների լիզինգ կիրականացվի

ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից Nissan Leaf էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ: Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել Nissan Leaf էլեկտրամոբիլներ։

Արշավի շրջանակում Green leasing-ի միջոցով Nissan Leaf էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել.3 տարի մարման ժամկետով՝ կատարելով 30% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը՝ 13-14%, ՀՀ դրամի դեպքում. տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում:

«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ. կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք ԱԳԲԱ Լիզինգի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։

Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը և այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական ևէկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի և «Գրին Լիզինգի» ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին տրամադրել ենք ամենաարդյունավետ լուծումները»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Էլեկտրամոբիլները զգալի առավելություններ ունեն. ընդամենը 20 կվտ հոսանքով հնարավորություն են ընձեռում երթևեկել 120-150 կմ: Այսինքն,՝ցերեկային ժամերին ամբողջական լիցքավորման արժեքը կազմում է 800 դրամ, իսկ գիշերային ժամերին` 640 դրամ։ Բացի այդ, ի տարբերություն ներքինայրման շարժիչով աշխատող մեքենաների, կան մի շարք դետալներ, որոնք էլեկտրամոբիլների մոտ բացակայում են.մասնավորապես շարժիչի յուղ, օդի և յուղի ֆիլտրեր, DMRV, այրման մոմիկներ և բազում այլ դետալներ, որոնք ծախսատար են: Միաժամանակ Երևան քաղաքում էլեկտրամոբիլներն ազատված են կայանատեղերի համար նախատեսված վճարներից: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, և մենք ծրագրի շրջանակում կտրամադրենք էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում»,- նշել է «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանը:

ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ: