9 հունիսի 2018 - 13:15 AMT
Տոնոյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունն ու ծրագրերը

Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ:

Դավիթ Տոնոյանն առանձին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ձևաչափերով ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը և հետագա ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը:

Դավիթ Տոնոյանը և Պանայոտիս Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատելԷ ՀՀ պարտավորությունները՝ առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարծաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլ քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին: