11 հունիսի 2018 - 14:48 AMT
Քաղաքացիների որոշ հարկային և վարկային տույժեր կներվեն

ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ներել Ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում:

Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:

«Շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից», - նշվում է հիմնավորման մեջ: