11 հունիսի 2018 - 15:41 AMT
Երևանի բոլոր ԱԳԼՃԿ-ները կստուգվեն

Մանրակրկիտ ստուգումներ կիրականացվեն Երևանում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ), իսկ հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կայանների շահագործումը կկասեցվի ՝ անկախ պատկանելիությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախարարությունում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են մարզերում շահագործվող շարժական գազալցակայանների ստուգումները, ինչպես նաև՝ խնդրի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

Հանձնարարականները տրվել են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին:

«Սկսենք Երևանից և անցնենք մարզերին»,-հավելել է նախարարը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Ռոստոմյանը հանձնարարել է նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին: Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին: