12 հունիսի 2018 - 11:42 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում:

Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության և փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը»:

ՀՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում ևս բխելու է երկու ժողովուրդների և երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը:

«Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: