13 հունիսի 2018 - 11:27 AMT
Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացումը կլինի սեպտեմբերի 1-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

Դեսպանը հավաստիացրել է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում չինական կողմը ժամկետում՝ օգոստոսի երկրորդ կեսին, ամբողջությամբ կավարտի դպրոցի շինարարությունը: Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել չինարեն լեզվի դասավանդման հարցում և այս ուսումնական տարի դպրոց կգործուղի համապատասխան ուսուցիչներ:

ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Դեսպան Թիեն Ըրլոնգը հույս է հայտնել, որ կրթության բնագավառում առկա գործնական գործակցությունը կընդլայնվի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Հայաստանի և Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցերին: