13 հունիսի 2018 - 12:39 AMT
էլէներգիայի շուկայում նոր մատակարարներ կհայտնվեն. Ոչ շուտ, քան 7 տարուց

Կառավարությունը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլէներգիայի առևտրի մեխանիզմների վերաբերյալ հայեցակարգ է մշակել, որի նպատակն է աստիճանաբար անցումը մրցունակ շուկայի ինչպես շուկայի մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում: Այն նախատեսում է նաև սպառողների կողմից մատակարարի ընտրություն: Հայեցակարգի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հայեցակարգը միտված է նոր մասնակիցների մուտքը շուկա ապահովելուն. այս մասնակիցներն են էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձը (երաշխավորված մատակարար) և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձինք (մատակարար), էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք (թրեյդեր) ու որակավորված սպառողները, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում նաև լիարժեք մրցակցային պայմաններում գործող էլեկտրական էներգիա արտադրողներ:

Նշվում է, որ երաշխավորված մատակարարի դերն առաջին յոթ տարում կստանձնի բաշխողը՝ ՀԷՑ-ը, և կշարունակի ամբողջովին մնալ կարգավորման դաշտում նաև որպես երաշխավորված մատակարար:

Մատակարարները, որոնք ՀՀ էլէներգետիկական շուկայում ներկայումս չեն գործում և ակնկալվում է, որ մուտք կգործեն աստիճանաբար՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց ու շուկայի ազատական կառուցվածքին անցնելուց հետո:

Մատակարարներին կթույլատրվի էլեկտրական էներգիա գնել մեծածախ շուկայից և ինքնավար էներգաարտադրողներից, ներկրել այն, ինչպես նաև ավելցուկը վաճառել շուկայի այլ մասնակիցների՝ շուկայի կանոններով սահմանված ընթացակարգերով: