13 հունիսի 2018 - 14:04 AMT
Մարուքյան. Թանդիլյանի հրաժարականն անակնկալ էր կուսակցության համար

Մանե Թանդիլյանի հրաժարականը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, և դա նրա անձնական որոշումն էր: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», - հավելել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը։

Մարուքյանի խոսքով՝ Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։

Պատգամավորը նաև ասել է որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը։

Հունիսի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու հեռանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին ինքը Թանդիլյանը հայտարարել է ֆեյսնուքյան իր էջում։ Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն է։ Թանդիլյանը գրել է, որ շարունակում է համարել, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում թեժ մթնոլորտում ընդունել է հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը․ Աշխատավարձի 10%-ի ծավալով կուտակային ֆոնդ արվելիք ներդրման 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։Նախկինում գործող կարգի համաձայն, համակարգի մասնակիցն ու պետությունն անում էին հավասարաչափ ներդրումներ։