14 հունիսի 2018 - 10:22 AMT
Ոստիկանության անձնագրայիններում ընդմիջման ժամը փոխվել է

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում, հունիսի 14-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00-ը: Դա արվել է ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով:

Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: