14 հունիսի 2018 - 12:23 AMT
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է. Վերականգնման համար 4 ամիս կպահանջվի

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և 4 ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Շատ շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ապաքինման ճանապարհը: Դժվար ու բարդ 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս բարեմաղթանքների և աղոթքների համար»,-ասվում է գրառման մեջ:

Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար իր ընտանիքին և ընկերներին, որոնք միշտ իր կողքին են:

«...Ես կվերադառնամ», - ասվում է Մովսիսյանի գրառման մեջ:

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել մայիսի 18-ին «Յուրգորդենի» կազմում Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի «Էրեբրուի» դեմ խաղում:

Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինում բազմիցս էր հայտարարել, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու Յուրա Մովսիսյանին, ինչպես նաև որոշ այլ ֆուտբոլիստների, հրավիրել ազգային հավաքական: