14 հունիսի 2018 - 14:06 AMT
Երևանի կենտրոնում ավտովթարից վնասվել է Իսրայելյանի քանդակած հուշարձանը

Երևանի Սայաթ-Նովա փողոցում կանգնեցված քանդակագործ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձանը վնասվել է ավտովթարի հետևանքով։

Մեքենայի հարվածի հետևանքով տուֆից զարդանախշ հուշարձանն ընկել է և մասնատվել։

Փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուշարձանը ներառված չի եղել Երևանի հուշարձանների պետական ցուցակում։

Նա հավելել է, որ ցանկն առաջիկայում անպայման կվերանայվի և հուշարձանը կներառվի:

«Հիմա այս հուշակոթողի վերկանգնելու պարտականությունը Երևանի քաղաքապետարանինն է, վաղ առավոտյան քաղաքապետարանին առաջարկել եմ, որ անհապաղ զբաղվեն այս հարցով և պարբերաբար զանգահարում եմ, որ տեղեկանամ գործի ընթացքից»,-ասվում է գրառման մեջ:

Հուշակոթողը գտնվում է Երևանի Սայթ-Նովա փողոցում, կանգնեցվել է 1962 թվականին: Կոթողը նվիրված է երգիչ, երաժիշտ ու տաղերգու Սայաթ-Նովային: