14 հունիսի 2018 - 16:03 AMT
ՀՀ ԱԽ քարտուղարը մտահոգություն է հայտնել Բելառուսի դեսպանին՝ Ադրբեջանին զենքի վաճառքի մասով

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը հայկական կողմի մտագոհությունն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գրիգորյանը:

«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը», - գրել է անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ավելի վաղ, Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: