14 հունիսի 2018 - 17:51 AMT
«Մարտի 1-ի» ու Գևորգ Մհերյանի սպանության գործերով դատախազների խմբեր են ստեղծվում

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են չբացահայտված, վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:

Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ:

Նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել էր 2009 թվականին սեփական բնակարանի շքամուտքում, սպանությունը բացահայտված չէ։

Մարտիմեկյան իրադարձությունների բացահայտումը 2008-ի արյունալի իրադարձություններից ի վեր եղել է ընդդիմության հռչակած գլխավոր նպատակներից մեկը։