15 հունիսի 2018 - 12:19 AMT
Փաշինյան. ՀՀ-ն ուզում է ավելի ցածր գնով ստանալ ռուսական գազը

Երևանը հուսով է, որ ավելի ցածր գնով կկարողանա գազ ստանալ Ռուսաստանից: Այդ մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար գործող գազի գինը բացառիկ է: Բայց կցանկանայինք, որ ավելի բացառիկ լիներ: Կքննարկենք այդ հարցերը և, հուսով եմ, հաջողության կհասնենք», -ասել է նա: Խոսելով Հայաստանի ներսում գազի գնի մասին՝ Փաշինյանն ասել է, որ դա ներհայաստանյան հարց է: «Սահմանին Հայաստանն էժան գազ է ստանում ՌԴ-ից: Սակայն սահմանից մինչև սպառողին հասնելը գազի գինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը մենք պետք է քննարկենք ու հասկանանք Հայաստանում: Դա չի առնչվում ՌԴ հետ մեր հարաբերություններին»,-ասել է նա:

Հայաստանի ներսում բաշխիչ ցանցերի սեփականատերը «Գազպրոմն» է: Գազի գինը սահմանին $150 է 1000 խմ համար, սակայն մինչև սպառողին հասնելն այն զգալիորեն թանկանում է:

2016-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ռուսական գազը մինչև 2018 թ. Հայաստան է մատակարարվելու 150 դոլարով հազար խմ դիմաց: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր 165 դոլար:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը 1000 խմ համար հասնում է 100.000 դրամի, եթե տարեկան օգտագործվում է ոչ ավելի քան 600 խմ գազ: Ջերմոցային տնտեսություններին գազը վաճառվում է $212-ով 1000 խմ դիմաց: Վերամշակող ընկերություններին գազը վաճառվում է նույնպես $212-ով 1000 խմ դիմաց: Ամսական մինչև 10.000 խմ գազ սպառողների համար սակագինը 139.000 դրամ է 1000 խմ գազի համար: 10.000 խմ ավելի գազ սպառողների համար սակագինը $242,1 1000 խմ դիմաց: