18 հունիսի 2018 - 12:09 AMT
Սանասարյան․ Պետական վերահսկողական ծառայությունը ՊՆ-ում ստուգումներ է իրականացնելու

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում։ Այս մասին է ֆեյսբուքյան իր էջում գրել ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու (նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանին՝ խմբ․) կենդանիների պահեստում։ Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն», - գրել է նա։

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։