18 հունիսի 2018 - 16:36 AMT
Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը:

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որը կվարի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան: