18 հունիսի 2018 - 13:23 AMT
ԱԳՆ-ն Գրիգորյանի գործի մասին․ Կոռուպցիայի բացահայտումը ՀՀ իմիջի վրա դրական կազդի

ՀՀ միջազգային վարկանիշի վրա կոռուպցիայի բացահայտումն ու մեղավորների արժանի պատիժ ստանալը միայն դրական ազդեցություն է ունենալու։

Այս մասին է հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Panorama.am-ը։

«Դա միմիայն դրական ընթացք կարող է ունենալ մեր միջազգային վարկանիշի վրա»,- նշել է նա:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։