18 հունիսի 2018 - 17:15 AMT
ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է պաշտպանության նախարարության զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, հայտնում է ՀՔԿ մամուլի ծառայությունը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը՝ կոչումով մայոր, 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, զորամասի նյութատեխնիկական ապահովման դասակի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ-375» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի երթուղիների վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող ուղեգրեր, ինչի արդյունքում իր ենթակայության տակ գտնվող զորամասի նյութական ապահովման հաշվեկշռից դուրս է գրել զգալի չափերով բենզին եւ յուրացրել։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե