19 հունիսի 2018 - 10:13 AMT
Վարչապետ. Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն անել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք», - հորդորել է Փաշինյանը հակապետական քարոզչություն իրականացնողներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պարզաբանել, թե կոնկրետ որ հեռուստաընկերություններն են իրականացրել հակապետական քարոզչություն: