19 ապրիլի 2008 - 16:01 AMT
ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում չգտնվեցին մասնագետներ, որոնք կարող են մասնակցել մարտի 1-2 իրադարձությունների նախաքննությանը
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` առաջարկելով ներգրավել նշված կազմակերպությունների կողմից լիազորված, առաջարկված մասնագետներին` սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակված փորձաքննությունների կատարմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ գլխավոր դատախազությունում 08.04.08թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հայտնել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող նման մասնագետ գործուղել, քանի որ չեն ունեցել նման նախադեպ: Իսկ 09.04.08թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի գրավոր պատասխանը, որ չունեն նման փորձագետ:

Բարձր գնահատելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի 15.04.08թ. հնչեցված համագործակցության առաջարկը, ինչպես նաեւ, ելնելով քննության օբյեկտիվության եւ հրապարակայնության շահերից` ՀՀ գլխավոր դատախազը 17.04.08թ. գրավոր դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` առաջարկելով, փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով, իրականացվող փորձաքննություններին, մասնավորապես` դատաբժշկական, քրեագիտական եւ տեսաձայնագրային փորձաքննությունների կատարմանը, հնարավորության դեպքում, ներգրավել մարդու իրավունքների հանձնակատարի կողմից լիազորված մասնագետներին:

Նշենք, որ ավելի վաղ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անաչառ հետաքննություն իրականացնել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Ընդ որում նա նշել է, որ գլխավոր դատախազության նախաքննությունն ուղղված է կոնկրետ մարդու մեղաի պարզաբանմանն, իսկ անկախ մարմնի հետաքննությունը հստակ կոնկրետ առաջարկներ կներակայցնի` հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: