19 հունիսի 2018 - 17:15 AMT
ԳՇ պետ. Անպատժելիությունն այսուհետ պատմություն է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որՀՀ-ում ձևավորված նոր «պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը»: Հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Անպատժելիությունն այլևս պատմություն է: Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»,- ասված է ԳՇ պետի հայտարարությունում:

Ավելի վաղ՝ հունիսի 17-ին ու 18-ին, ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։